Գայլ , Գորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ (լատ․ Canis
lupus) շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը
հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի
ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու
պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին
մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը,
աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։ Գայլի մարմնի երկարությունը 105-160սմ է, քաշը՝ 32-50կգ, հազվադեպ մինչև
76կգ։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝
խիտ տայգայում։ Հիմնականում
մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ,
անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակաորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում
են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11
գայլ)։ Հղիությունը տևում է 62-65օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում
կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։
Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում,
անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝
քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են
որոշակի տարածք (30-60կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը
իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է
հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են
գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա
ընթացքում հաղտահարում են 60-80կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են
գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն,
հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների
արտահայտություն, հանգստություն և վախ։ Գայլի
ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6
կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։
Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։
Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։
Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ
կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան
միջավայրի գայլը փոխում է իր գույնը։
Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված ենԿարմիր
գրքում: Հարավային կիսագնդում կա Գայլի համաստեղություն։