Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների, նշենիների ու խնձորենիների առատ, սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զառնում դեղձենու վարդագույն ծաղիկները: Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել է Եվրոպա: Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համրելով, թե նրա հայրենիքը Պարսկաստանն է), որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ ջրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտնական անվանումը` «պերսիկա», մնաց անփոփոխ: Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ, Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ: Կարմիր բլուրում և Արցախում, օրինակ, հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից, Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակովիների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի, շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են: Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է, հավանաբար, ասել, որ Հայաստանը դեղձենու մշակույթային հին և ինքնուրույն բնօրաններից է: Դեղձենին 3-5 մ (երբեմն` 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է`տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդհամենը 10-15 տարի: Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք: Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20-40 տ բերք: Պտուղներն օգտագործվում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիր, ալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ: Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ, փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում: Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սաենամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է: Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեբերյանի, Իջևանի, Շամշադինի, Մեղրիի շրջաններում: