Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է,
հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայում,
Ասիայում, Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր,
խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի,
Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ
լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում,
ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Մշակության մեջ տարածված են
գեղազարդիչ տեսակներ՝ պարտեզային, չինական, թուրքական, հոլանդական, որոնք
կիրառվում են ծաղկաբուծության մեջ: Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70
սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ
մասի ցողունն ու տերևները գորշակապտավուն երանգ ունեն: Ծաղիկները երկսեռ
են, ծոպավոր, ատամնաեզր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր,
ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն: Պտուղը բուրավետ, երկարավուն,
միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև են, մանր, տափակ: Որոշ տեսակներ
դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, C
վիտամին և այլն: Քուռի մեխակը
հանդիպում է Արարատյան գոգավորության չոր, ավազոտ գետափերին և միջին
լեռնային գոտու մարգագետիններում, անհրապույր մեխակը՝ Սյունիքի մարզի միջին
լեռնային գոտու քարքարոտ լանջերին, Լիբանանի մեխակը՝ Երևանի և Վայոց ձորի
ստորին ու միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած
լանջերին, մանրածաղիկ մեխակը՝ Վայոց ձորի մարզի միջին լեռնային գոտու չոր,
քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: |