Մոծակները կամ երկարաբեղիկ երկթևանիները կազմում
են միջատների առանձին ենթակարգ: Հանդիպում են ամենուրեք: Հայտնի է 20 հզ.,
ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի
ավազանում և անտառային շրջաններում: Մոծակների մարմինն ու ոտքերը բարակ են ու երկար,
վերին ծնոտը կրծող տիպի է: Ունեն երկար կնճիթ, որով ծակում են զոհի մաշկը և
ծծում արյունը: Մոծակի խայթոցը շատ
ցավոտ չէ, սակայն մաշկի մեջ անցած նրա թույնը տհաճ քոր է առաջացնում:
Առավել վտանգավոր են անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնց թքի հետ
մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիայի, վիրուսային ու ճիճվային
ծանր հիվանդությունների հարուցիչներ: Երբ մալարիային մոծակը նստում է, նրա
փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր են բարձրանում: Ոչ
մալարիային մոծակները նստում են կծկված՝ փորիկն իջեցնելով: Նրանք փոխանցում
են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծական հիվանդություններ: Էգ մոծակները սնվում են բույսերի հյութերով կամ
մարդու և կենդանիների արյունով (ծծում են իրենց մարմնի ծավալից 1,5 անգամ
ավելի արյուն), իսկ արուները՝ միայն բույսերի հյութով: Ցերեկն արուները
հավաքվում են փչակներում, թփերի ստվերում, իսկ էգերը հաճախ նստում են տան
կամ գոմերի առաստաղներին ու պատերին, որտեղ կարող են «որս» գտնել: Էգ մոծակն արյուն ծծելուց հետո մնում է մեկուսի
անկյունում՝ մինչև ծծած արյունը լրիվ մարսի: Այդ
ընթացքում նրա փորիկում
զարգանում են հարյուր հազարավոր ձվեր: Այնուհետև մոծակը դուրս է թռչում իր
թաքստոցից և ձվադրում բնական ու արհեստական ջրամբարներում: Ձվերից դուրս են
գալիս մոծակների թրթուրները, ապա՝ հարսնյակները, որոնք ապրում են ջրում,
ջրափոսերում, լճակներում, նույնիսկ ոտնահետքերի ջրով լի փոսերում, խոնավ
հողում: Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որն օդային կյանք է
վարում: Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը: Մոծակներ.
մալարիային մոծակը
(1) և թրթուրը (2), կուլեքս սեռի ոչ մալարիային մոծակը
(3) և թրթուրը (4)
|